Նոր Նորքի 9-րդ զանգվածում ապրիլի 14-ին կնոջը 5-րդ հարկի պատուհանից նետելու փորձ կատարած Արա Շ.-ի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Շ.-ն մոտ 10 տարի հաշվառված է եղել Ավանի հոգեբուժական կլինիկայում: Իր կնոջը՝ Ռ. Շ.-ին կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ՝ ապրիլի 14-ին իրենց բնակարանում վերոհիշյալ թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել ոտքերից, բարձրացրել վեր եւ սպանության դիտավորությամբ հրել է խոհանոցի բաց պատուհանից դուրս: Սակայն կնոջ ակտիվ դիմադրության արդյունքում հանցագործությունը ավարտին չի հասցրել եւ վերջինիս հաջողվել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան:
Արա Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. ապրիլի 14-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկում 49-ամյա տղամարդը ցանկացել է 5-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից կնոջը նետել, բայց չի կարողացել: Տղամարդուն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է «գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»: Կատարվում է քննություն:





























