Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քնից առաջ մտածում է ԽՍՀՄ փլուզման մասին։ Նման պնդում է արել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Սլովակիայում GLOBSEC անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում։
«Ես վստահ եմ, որ Պուտինը, պառկելով քնելու, մտածում է այն մասին, թե ինոչ փլուզվեց ԽՍՀՄ-ը եւ արդյոք կարո՞ղ է ժամանակը հետ շրջել»,-հայտարարել է Կոմորովսկին։ Նրա խոսքով, վերջին տարիներին ՌԴ առաջնորդը «արդյունավետ կերպով իր քաղաքացիներին համոզել է, որ ԽՍՀՄ ժամանակները իրենց համար լավագույն դարաշրջանն են եղել»։
Lenta.ru-ի փոխանցմամբ, Կոմորովսկին առաջին անգամ չէ, որ հիշատակում է Ռուսաստանի քաղաքականությունը։ Այսպես, մայիսի 3-ին նա հայտարարել է սպառնալիքների մասին, որոնք իր մեջ կրում է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթը։ «Պետք է հիշել, որ այդ ռազմական ցուցադրության, ուժի ցուցադրության մեջ խոսքը ոչ թե պատմության, այլ ներկայի ու ապագայի մասին է»,-նկատել էր Կոմորովսկին։





























