Ազատության հրապարակում էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը այս գիշեր խաղաղ է անցել, ոստիկանների կողմից ոչ մի սադրիչ գործողություն չի իրականացվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը։ Նա հայտնեց, որ այս գիշեր նստացույցի մասնակիցների թիվն անցել է 500-ը։
«Այսօր կշարունակվեն իրազեկման ակցիաները, որից հետո նորից նստացույցը կշարունակվի։ Մնացած քայլերը կախված են իշխանությունների արձագանքից»,-ընդգծեց ակտիվիստը։
Նշենք, որ հունիսի 20-ին հոսանքի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե մինչեւ հունիսի 22-ը չկասեցվի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը, իրենք Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Բաղրամյան 26։
Նշենք, որ նստացույցի առաջին գիշերը մասնակիցների թիվն անցնում էր 200-ից։





























