Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված Սվետլանա, Լիանա, Ժաննա Եղիազարովաների եւ Նանա Փիլիշվիլիի հուղարկավորությունը ծախսերը հոգացել են Վրաստանի իշխանությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
Նա հայտնեց, որ պետությունը 10 հազարական լարի է տրամադրել զոհվածների ընտանիքներին:
«Ժաննային եւ Նանային հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել միասին, իսկ Սվետլանային եւ Լիանային՝ առանձին: Կանանց հուղարկավորությանը նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներն են մասնակցել»,- ասաց Վան Բայբուրթյանը:
Հիշեցնենք, որ զոհված կանայք զարմուհիներ էին, բնակվում էին միեւնույն բակում: Ժաննա Եղիազարովան եւ Նանա Փիլիշվիլին մանկահասակ երեխաներ ունեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Վերջին տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, կա 3 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:





























