Հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոնդակով պարգեւատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվավոր մեդալով՝ նվիրված սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցին:

Հայ-Ռուսական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ պատրիարքի պարգեւը հանձնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ-Պետերբուրգի թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Ամվրոսին:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգեւը սրբազան Պատրիարքի կողմից: Ընդհանուր հավատքը, որը դարերի խորքից միավորել է մեր հին ժողովուրդներին, այսօր էլ կարեւոր դեր է խաղում հայ-ռուսական եղբայրական հարաբերություններում: Ես շարունակելու եմ անել ինձանից կախված հնարավոր ամենը դրանց ամրապնդման համար»,- նշել է Հրաչյա Պողոսյանը:

Արքեպիսկոպոս Ամվրոսին շնորհակալություն է հայտնել Պողոսյանին ծավալած գործունեության համար՝ ուղղված հայկական եւ ռուսական եկեղեցիների կապի ամրապնդմանը:

Նշենք, որ Հրաչյա Պողոսյանը մեծ ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, նրա նախաձեռնությամբ երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, կանգնեցվել է ավելի քան 45 հուշարձան Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում եւ Բելառուսում, ֆիլմեր են նկարահանվել եւ գրքեր լույս ընծայվել: