Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնությունն ավարտել է իր եռօրյա նստացույցը եւ այժմ երթով շարժվում է դեպի Բաղրամյան 26:  (ֆոտոռեպորտաժ)

Երթի մեկնարկին նախաձեռնության կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ քանի որ իշխանություններն իրենց տրված վերջնաժամկետում չեն հայտարարել, որ կասեցնում են հոսանքի թանկացման վերաբերյալ որոշումը, իրենք ինչպես եւ նախապես որոշել էին, կգնան Նախագահական նստավայր եւ կպահանջեն բավարարել իրենց պահանջը:

Մաքսիմ Սարգսյանը մի քանի անգամ շեշտեց, որ իրենց հավաքը խաղաղ բնույթ է կրում եւ մեջբերեց Սահմանադրության եւ Մարդու իրավունքների կոնվենցիայի այն դրույթները, որով իրենց այսօրվա գործողություններն օրինական են եւ չպետք է կասեցվեն ուժային կառույցների կողմից:

Չնայած դրան՝ ոստիկանությունը հենց Ազատության հրապարակում հայտարարեց, որ ակցիայի մասնակիցների գործողություններն անօրինական են եւ օրենքը խախտելու դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության, ինչին հավաքվածներն արձագանքեցին սուլոցներով եւ սկսեցին երթը:

Նշենք, որ երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով կհասնեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ Բաղրամյան պողոտայով կշարժվեն նախագահի նստավայր:

Բաղրամյան փողոցի վրա արդեն մի քանի ժամ առաջ ոստիկանական ուժեղացված հսկողություն է: