Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու ժամանակ տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Բաղրամյան պողոտայում այսօր վաղ առավոտյան բազմաթիվ ահազանգեր են ստացել «Շտապօգնության» կայան: Ահազանգեր են ստացվել նաեւ ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ տասնյակ ակտիվիստներ են բերման ենթարկել (ֆոտոռեպորտաժ):

Այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա բերման ենթարկվածների եւ տուժած քաղաքացիների թվի մասին: NEWS.am-ի տեղեկություններով բերման են ենթարկվել 200-ից ավելի քաղաքացիներ:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: