Երեւանի պետական համալսարանում այս տարի դիմորդների թիվը չնչին նվազել է։ Այս մասին այսօր` մայիսի 23–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանը` նշելով, որ այս տարի դիմորդների թիվը 3448 է` անցած տարվա 3601–ի համեմատ։

«Բոլորս գիտենք, որ այս տարի բոլոր բուհերում դիմորդների թվի նվազում է նկատվում։ ԵՊՀ–ում նույնպես կա նվազում, բայց չնչին է»,– ասաց Ժակ Մանուկյանը։

Նրա խոսքով` ԵՊՀ–ում ամենապահանջված մասնագիտություններն են իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը։

Այս տարի նաեւ բնագիտական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի աճ է նկատվել։ ԵՊՀ ներկայացուցիչը նշեց, որ միասնական քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25–ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 8–ը, դրանց կմասնակցեն այն դիմորդները, որոնք հարգելի պատճառներով բացակայել են առաջին փուլից։

Հուլիսի 15–20–ը կկայանա թափուր տեղերի համար միասնական քննություն, որոնց կմասնակցեն առաջին երկու փուլերի արդյունքում դրական միավորներ ստացած դիմորդները։