Արարատյան հայրապետական թեմն այսօր՝ հունիսի 23-ին, 350 հազարական դրամ է տրամադրել 2014-2015թթ. հունիսի 1-ի դրությամբ իրենց թեմից Հայաստանի սահմանին զոհված զինծայողների ընտանիքներին եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հոգեհանգստյան կարգ մատուցեց զոհված զինծառայողների հիշատակին, որին ներկա էին զոհված զինծառայողների հարազատները` իրենց շրջանների հոգեւոր հայրերի հետ:

Արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ Պաշտպանության նախարարության Հասարակայնության եւ տեղեկատվության բաժնի պետ Վարդան Ավետիսյանը:

Հոգեհանգստյան կարգից հետո արքեպիսկոպոս Կճոյանը ընդունեց զինծառայողների հարազատներին եւ տրամադրեց հասանելիք գումարը:

Նշենք, որ թեմը դրամական աջակցությունը տրամադրում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում:

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ այս տարի հավաքվել է 50 մլն դրամ, որն էլ տրամադրվելու է 362 ընտանիքների: