Այսօր Երեւանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  Հայաստանում Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Լաբորատորիան բացվել է «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության եւ դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից` ՀՀ կառավարության հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է հնարավորություն ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան վերահսկել վաճառվող թունաքիմիկատների որակը եւ իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիթորինգ ` գյուղատնտեսական արտադրանքի բարելավման նպատակով:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանը լաբորատորիայի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է  մեզանում նման լաբորատորիայի  կարեւորությունը:

«Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակին է եւ միակը տարածաշրջանում եւ հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը», - նշել է նախարարը:

Նախարարը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նման լաբորատորիայի գործարկման առիթով եւ հույս է հայտնել, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

Իր հերթին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը հույս է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ եւս կզարգանա ու կընդլայնվի, իսկ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: