Երկրում ստեղծված իրավիճակը ոչ թե վատ կառավարման, այլ հայաթափման միտումնավոր կառավարման հետեւանք է։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողներին ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը` անդրադառնալով նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած նստացույցին և ոստիկանների գործողություններին (ֆոտոռեպորտաժ)։

«Իրենք գողանում են և ուզում են, որ մենք վճարենք իրենց փոխարեն, արդյունքում ստացվում է, որ տուժում են այն երիտասարդները, ովքեր իրենց իրավունքների համար են պայքարում»,-ասաց նա`հավելելով, որ ափսոսում է, որ երեկ այնտեղ չի եղել։

Լալա Մնացականյանը երեկվա ակցիային չի մասնակցել, քանի որ այն նախաձեռնած երիտասարդները կառավարվում են զգացմունքներով, մինչդեռ դերասանուհին կարծում է, որ էլէկտրաէներգիայի թանկացման հարցը պետք է մտցնել օրինական դաշտ, որպեսզի մեղավորները պատժվեն. «Մեր երիտասարդները կառավարվում են զգացմունքներով, ինչի արդյունքն էլ երեկ Բաղրամյան պողոտան փակելն էր, անգամ կարծում եմ, որ իրենք գիտեին, որ արդյունքը ջրցան մեքենան է լինելու։ Երեկ մեր երիտասարդների քայլը սխալ էր, ոստիկանությունն օգտվեց առիթից, հիմա պետք է պայքարեն, որ ձերբակալվածներին բաց թողնեն, արդյունքում կուրախանան այդ հանգամանքից, որ ազատ են արձակվել, իսկ իրենց բուն պայքարի մասին կմոռանան ու կսկսեն զրոյից»։

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համաձայն է, որ նստացույցերի փոծարեն անհրաժեշտ է լավ իրավաբաններ վարձել, հետաքննություն անցկացնել եւ փորձել օրինական դաշտում լուծել խնդիրը։ Նա խորհուրդ տվեց ոստիկաններից չնեղանալ. Նրանք ընդամնեը կատարողներ են։

«Նրանց հրամայել էին ցրել մարդկանց, իրենք էլ արել են, եթե հնարավոր լիներ մեղմ միջոցներով, կանեին։ Լրագրողների հանդեպ ուժ կիրառելն էլ նշանակում է, որ լրագրողներից վախենում են, քանի որ նրանք առաջին են, ով ժողովրդին է հասցնում տեղի ունեցածը»,- ասաց նա։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը։ Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսել են ուժ կիրառել՝  ցուցարարների դեմ գործի դնելով ջրցանները։ Բերման է ենթարկվել 237 քաղաքացի, 18-ը ստացել են վնասվածքներ: Բերման ենթարկվածների եւ ծեծվածների մեջ նաեւ լրագրողներ կան, ոմանց տեսախցիկները առգրավվել կամ կոտրվել են։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։