Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

«Չնայած հավաքը խաղաղ բնույթ  կրում, բայց ճանապարհը, որով ակտիվիստները առաջնորդվում են, ճիշտ չէ»,-ասաց նա:

Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ գիշերը խոստացել են քաղաքացիներին հատուկ տեխնիկա չկիրառել հավաքը ցրելու նպատակով եւ այդ խոստումը պահում են:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Բաղրամյան պողոտան փակ է, երթեւեկությունը՝ կասեցված է: 

Նշենք, որ այս պահին նստացույցը շարունակվում է, Բաղրամյան պողոտայում են ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, որոնք կենդանի պատ են կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Հունան Պողոսյանը շարունակում է համոզել ակտիվիստներին իրենց հավաքն անցկացնել Ազատության հրապարակում:

Չնայած ոստիկանության խոստմանը՝ հատուկ տեխնիկա չկիրառել, ոստիկանական պատի հետեւում հատուկ տեխնիկա եւ փշալարեր կան այս պահին:

 Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները, «Արմենիա» ՀԸ լրագրողն ու օպերատորը: Ծեծի են ենթարկվել 1in.am-ի օպերատորները:

Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: