Բաղրամյան պողոտայում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Դատախազությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար (ֆոտոռեպորտաժ):
Նշենք, որ արդեն 14 ժամից ավելի ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից։
Չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Նույն օրը երեկոյան ժամը 20։00–ի մոտ ցուցարարները կրկին Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26։ Ոստիկանները կրկին փակեցին նրանց ճանապարհը։ Կեսգիշերից հետո ցուցարարներին աջակցություն հայտնելու եւ նրանց ու ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու նպատակով բաղրամյան պողոտա եկան պատգամավորներն ու շոու բիզնեսի աստղերը։ Նրանց մի մասը լուսացրել է Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























