«Բարեւ Երեւան» խմբակցության անդամներն իրենց վրդովմունքն են հայտնում Հայաստանում, մասնավորապես Երեւանում սկիզբ առած հանրային շահի պաշտպանության խաղաղ զանգվածային միջոցառումների մասնակիցների, լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության անիրավաչափ գործողությունների կապակցությամբ: Երեւանի Ավագանու այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք դատապարտում ենք սեփական ժողովրդի հետ նման «երկխոսությունը» եւ վրդովմունք հայտնում նաեւ այն կապակցությամբ, որ Երեւանի քաղաքապետարանը մասամբ իր գործողություններով, մասամբ էլ անգործությամբ նպաստել է այդ հունով իրավիճակի զարգացմանը: ՀՀ Ոստիկանությունը որքան էլ հրապարակավ ընդունել է զանգվածային միջոցառման խաղաղ բնույթը, իր գործողությունների համար հիմք է ընդունել նաեւ այն, որ քաղաքապետարանը խաղաղ, անզեն քաղաքացիներին իրենց եւ հանրության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար հատկացրել էր սահմանափակ տարածք եւ սահմանափակ ժամանակ՝ մինչեւ ժամը 23:00, այն դեպքում, երբ ոչ մի Սահմանադրություն կամ օրենք չի կարող սահմանափակել քաղաքացու իրավունքի իրացումը, քանի դեռ նրա օրինական շահերը վտանգված են:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամները անցած օրերին միասին կամ հերթափոխով, պարբերաբար այցելել են քաղաքացիական շարժման մասնակիցներին, ականատես լինելով դրանց խաղաղ բնույթին ոչ միայն ցերեկվա, այլ նաեւ գիշերվա ժամերին, այդ թվում հունիսի 23-ի լույս գիշերը: Մենք ցավով ենք արձանագրել, որ Երեւանի քաղաքապետարանի այսպիսի գործելակերպը, պետական կառավարման այլ մարմինների անգործության, ոստիկանության անհամաչափ գործողությունների խորապատկերին իր դերակատարումն ունեցավ իրավիճակի նման հանգուցալուծման առումով: Այդ կապակցությամբ մեզ վրա ենք ընդունել մեր ժողովրդի բազում արդար հանդիմանություններ, թեպետ դրա համար պատասխանատվություն չենք կրել:

Այդքանի հետ մեկտեղ անհասկանալի է Երեւանի ավագանու, որպես Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, լռությունը, այն դեպքում երբ նա կոչված է պաշտպանել համայնքի շահը: Իսկ համայնքը երեւանցին է, ով ընտրել է այս ավագանուն, եւ ում իրավունքների ու շահերի դեմ ոտնձգություն է իրականցվում:

Մենք կոչ ենք անում հունիսի 23-ին տեղի ունեցած ու այսօր էլ ծավալվող զարգացումների կապակցությամբ կա՛մ հրավիրել արտահերթ նիստ, կա՛մ ավագանու նիստի հաստատվող օրակարգում ներառել ու քննարկել հարց, թե մենք ինչպե՞ս կարող ենք կանխել իրավիճակի հետագա լարվածությունը, նպաստել խնդրի լուծմանն ու հանրային շահի իրացմանը: