Սկզբից մտածում էինք Ավետիսյանների տունը թանգարան դարձնենք, բայց հետո հասկացանք, որ չէ, դա պետք է մեզ, դա հայրական օջախ է, որտեղ մենք մտել, դուրս ենք եկել եւ այն պետք է մնա որպես տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների դստեր՝ Անահիտի ամուսինը՝ Արթուրը:

«Բամբասանքներին մի հավատացեք, այն թանգարան չի կարող սարքվել, տունը պետք է մնա հայրական օջախ: Հիմա էդտեղ ապրող չկա, երբ էս ամեն ինչը վերջանա, քննելու, հետազոտելու բան չլինի, կմաքրենք, կկահավորենք նույնությամբ, տունը պիտի մնա հայրական օջախ, կմտնենք, կհելնենք, կօդափոխենք, թանգարանի պահով խոսակցությունները սուտ են, եթե սարքենք, բակի մեջ հուշաքար կսարքենք: Հիմա տան բանալին մեր մոտ է, քննիչների դրած պլոմբը դեռ դռան վրա է, հնարավոր է դատի ժամանակ ինչ-որ իրեր պետք գան, նոր հետազոտելու բաներ լինեն»,-ասաց Արթուրը:

Հարեւանությամբ ապրող Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը դեռ շարունակում է ապրել հարազատների տանը, դաժան սպանությունից հետո նա դեռ չի կարողանում վերադառնալ իր տուն: Դեռ չգիտեն՝ տունը մաքրելուց հետո որեւէ մեկը կկարողանա ապրել այդտեղ, թե ոչ: Ավետիսյանների դստեր ամուսինը նշեց նաեւ, որ դեպքից հետո տղամարդիկ մտել են տուն, ամեն ինչ տակնուվրա է արված, արյունը՝ չորացած:

Արթուրը նշեց նաեւ, որ թեեւ նախաքննությունը մոտենում է ավարտին, սակայն իրենց համար դեռ լիքը մութ հարցեր կան, մասնավորապես՝ ինչու է Պերմյակովը մտել հենց այդ տուն, ինչու է սպանել ընտանիքի բոլոր անդամներին  եւ այլն: Այս ընթացքում պարզվել է միայն, որ տնից առգրավված իրերի վրա Պերմյակովից բացի ուրիշ անձի գենետիկ տվյալներ չկան, ինչից ենթադրում են, որ նա միայնակ է եղել: Ավետիսյանների հարազատները հույս ունեն, որ դատավարության ընթացքում մի շարք հանգամանքներ կպարզվեն, հնարավորություն կունենան ծանոթանալու Պերմյակովի ցուցմունքներին:

Ինչ վերաբերում է Ավետիսյանների պարտքերին, Արթուրն ասաց, որ տարածքի խանութում չնչին պարտք ունեին, փակել են, բանկերից հերթով հարցուփորձ են արել վարկերի մասին տեղեկությունները, սակայն դեռ որեւէ բան չգիտեն, եթե այպիսիք հայտնաբերվեն, ապա հարազատները ամբողջը կփակեն:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով: