Շնորհավորում եմ Արմեն Հարությունյանին, եթե ընտրությունը իր օգտին է եղել, ուրեմն՝ արժանի էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը՝ անդրադառնալով Արմեն Հարությունյանի ՄԻԵԴ դատավոր դառնալուն:
Նա նշեց, որ ՄԻԵԴ դատավորների հանձնաժողովում վերջինս իրենից չնչին մեծամասնություն ուներ, ինչը կարող էր լինել 1-2 ձայն: «Յուրաքանչյուր անձ իրեն պետք է քննադատաբար մոտենա, իհարկե, գոհ էի իմ պատասխաններից, բայց ամեն դեպքում ամեն ինչ նորմալ էր, ինչի՞ մասին է խոսքը: Ընտրություն է կատարվել, եթե դա իր օգտին է եղել, ուրեմն ճիշտ է: Քանի որ կոմիտեն եզրակացություն էր տվել չնչին մեծամասնությամբ, դա հիմք էր տալիս ենթադրելու, որ ԵԽԽՎ-ում իր հնարավորությունները ավելի մեծ են լինելու»,-ասաց նա՝ հավելելով. որ հնարավորություն չկար մեկը մյուսի պատասխանը լսելու:
Հարցին, թե Արմեն Հարությունյանը կկարողանա ՄԻԵԴ-ում լինել արդար դատավոր, Լիանա Հակոբյանը նախընտրեց այդ հարցին չպատասխանել: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավորին՝ Ալվինա Գյուլումյանին, Լիանա Հակոբյանն ասաց, որ նա պետք է լինի օրինակ, որին պետք է ձգտել եւ հասնել:
«Պարզապես ուզում էի ուժերս փորձել, առաջին մրցույթի ժամանակ զբաղվածությունը թույլ չտվեց մասնակցել, տեխնիկական խնդիրներ կային: Ցանկացած իրավաբանի համար պատիվ է մասնակցել այդ մրցույթին, հասնել եւ անցնել հարցազրույցի փուլը եւ քվեարկվել ԵԽԽՎ-ում, չեմ զղջում ոչնչի համար»,-ասաց դատավորը:
Ամեն դեպքում՝ ինչու հենց Արմեն Հարությունյանը ընտրվեց, Լիանա Հակոբյանն ասաց, որ այդ հարցը պետք է ընտրողներին ուղղել, գործընթացին մասնակցում էին ներպետական եւ դրսի մակարդակով մասնագետներ, միգուցե իր կենսագրությունը ավելի հիմնավոր է եղել իր ընտրության վրա կանգնելու համար: «Ես իմ աշխատանքը շատ սիրում եմ, սիրում եմ Հայաստանը, ինձ համար դժվար կլիներ մեր երկրից դուրս մնալը, դրա համար ինչ-որ տեղ հանգիստ եմ, որ կշարունակեմ այստեղ աշխատել»,-ասաց Լիանա Հակոբյանը՝ հավելելով, որ իր համար կարեւորը մարդու պիտանի լինելն է, որը կարող է այստեղ էլ անել, գումարը առաջնահերթ չէ:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից դատավոր է ընտրվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նա ստացել է 119 քվե, Արայիկ Ղազարյանը՝ 15, իսկ Լիանա Հակոբյանը՝ 23 քվե: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 79 քվե:





























