«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի/40 հազար հատ/, եւ Սեւանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ի կողմից /3 հազար հատ/ մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձեւավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սեւանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43 հազար գեղարքունի եւ ամառային իշխանի մինչեւ 30 գրամ կշռող մանրաձուկ:
Բացթողնման աշխատանքներին հետեւել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը եւ այլ կազմակերպությունների ու հարակից համայնքների ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, կարեւորելով միջոցառումը, հայտարարել է. «Քանի որ Սեւանում իրականացնում ենք շատ կարեւոր ծրագիր, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետ նպատակահարմար գտանք եւ առաջնային որոշում կայացվեց ձկան պաշարների ավելացման ծրագիրն ավելի վաղ սկսել` մինչեւ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի կողմից գործարանի կառուցումը: Առաջիկայում եթե մենք կարողանանք բացթողումներն իրականացնել ըստ նախատեսվածի եւս մի քանի տարի, ապա այն թույլ կտա մեզ հետագայում հստակ խոսել Սեւանում արդյունագործական ձկան պաշարների մասին եւ լուծել արդյունագործական ձկան որսի խնդիրը: Ասեմ նաեւ, որ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը նպատակահարմար է գտել այս տարի եւս 200-300 հազար մանրաձուկ բաց թողնել Սեւանա լիճ»: Բնապահպանության նախարարն եւս մեկ անգամ դիմել է ազգաբնակչությանը, որպեսզի Բնապահպանության նախարարության կողմից հաստատվող Սեւանում որսի արգելքի ժամանակահատվածում` ձկան ձվադրման ժամանակ, զերծ մնա ձկնագողությունից, որպեսզի հետագայում հնարավոր լինի խոսել արդյունագործական որսի մասին:





























