«Գահերի խաղը» հայտնի սերիալի 6-րդ սեզոնի նկարահանումները դեռեւս չեն սկսվել, սակայն երկրպագուներն արդեն քննարկելու բան ունեն: Օրերս համացանցում հրապարակվել է դերասանների ցանկը, որոնք անհրաժեշտ են սերիալի հեղինակներին՝ 6-րդ սեզոնի նկարահանումները սկսելու համար:

Ըստ ամենայնի, հաջորդ սեզոնին հանդիսատեսին մի շարք նոր եւ հետաքրքիր կերպարներ են սպասում, որոնցից մի քանիսին ծանոթ են միայն նրանք, ովքեր կարդացել են Ջ.Մարթինի գրքերը: Ցուցակում անուններ չկան, սակայն մանրամասն նկարագրության շնորհիվ դժվար չէ ենթադրել, թե ինչ դերերի համար են դերասաններ փնտրում:

Դատելով նկարագրությունից՝ 90% հստակությամբ կարելի է ասել, որ 6-րդ սեզոնում հանդես կգա Էուրոն Գրեջոյը՝ Ագռավի աչք մականունով: Դժվար չէ ճանաչել նաեւ «Սառույցի եւ բոցի երգը» ցիկլի եւս մեկ հերոսի. Ռանդիլ Տարլի՝ Սեմ Տարլիի հայրը:

Ըստ Popcornnews-ի, «Գահերի խաղի» ստեղծողները, կարծես, 6-րդ սեզոնի համար մի ամբողջ ընտանիք են փնտրում՝ հայր, մայր եւ եղբայր, որոնց ներկայացվող պահանջները մանրամասն նշված են:

Բացի այդ, Ռոսբալտի փոխանցմամբ, սերիալի հեղինակները նաեւ երեխաների դերակատարներ են փնտրում: Հնարավոր է՝ նոր սեզոնում ֆլեշբեք հայտնվի՝ Նեդ Սթարքի եւ նրա եղբայրների կամ Սթարքի երեխաների մասնակցությամբ: