2013թ. հուլիսի 25-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած՝ Արարատ քաղաքի 65-ամյա բնակիչ Գյանջիրով Հովհանյանի գործով նոր քննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում կսկսվի հունիսի 25-ին: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց մահացածի դուստրը՝ Գայանե Հովհանյանը: Նշենք, որ Գայանե Հովնանյանը չի հավատում հոր մահվան պաշտոնական վարկածին եւ պնդում է, որ հորը սպանել են քարի արտադրամասի տնօրենի որդիները՝ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանները, որտեղ աշխատում էր հայրը:
«Ես վստահ եմ ուղղակի, որ կհաստատվի սպանության վարկածը իր ամբողջ իրադարձություններով, այսինքն իրականությունը կբացահայտվի, մի բան, որ բոլորին էլ պարզ է»,-ասաց Գայանե Հովհանյանը:
Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:





























