Պատմությունը միայն անցյալը չէ, այն պետք է լինի նաեւ ներկա, եւ մենք պետք է խոսենք այդ մասին, մենք պետք է հիշենք այդ իրադարձությունների, այդ ողբերգությունների մասին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի եւ «Արմենպրեսի» թղթակիցների հետ զրույցում հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը:
«Ես շատ խորը տպավորություններ ունեմ, քանի որ սա սարսափելի ողբերգություն է: Իմ տեսանկյունից, ամենակարեւորն այն է, որ սա չպետք է մոռանալ: Մենք պետք է դա պահենք մեր մտքերում»,-ընդգծել է նա:
Հարցին՝ երբ է Չեխիան միանալու այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, չեխ նախարարը պատասխանել է, որ Չեխիան պարբերաբար նշում է այդ հիշատակը: «Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հռչակագիր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Նաեւ մեր նախագահը Պրահայում ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պաշտոնապես խոսել է այդ իրադարձությունների մասին որպես ցեղասպանության: Վստահ եմ, որ մեր երկիրը կշարունակի այդ քննարկումները, եւ մենք այդ հիշողությունները վառ կպահենք»,-ամփոփել է Չեխիայի ԱԳ նախարարը:





























