«Այսօր դատական համակարգի առջեւ դրված է ոչ թե գողերին բռնելու, մարդասպաններին դատելու, օրինականություն հաստատելու խնդիր, այլ քաղաքական հալածանքներ իրականացնելու, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ հորինելու, կեղծ ցուցմունքներ կորզելու խնդիր»,- այսօր Իջեւանում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ու հավելեց. «Կարեւոր է, թե մենք դատարաններից, դատախազական համակարգից ինչ ակնկալիքներ ունենք: Նայած, թե ինչ են պահանջում այդ համակարգից պետությունն ու ժողովուրդը, ըստ այդմ էլ այդ համակարգը կաշխատի: Պատվերներ ու հրահանգներ է դրված այս համակարգի առջեւ, դրա համար էլ հրահանգներ են կատարում»: Նրա խոսքով, ներպետական, իրավապահ եւ դատական համակարգում այդ լուծումները կունենանք այն ժամանակ, երբ երկրում օրինական իշխանություն լինի, երբ այս բոլոր ապօրինի դատապարտումները, ապօրինի հալածանքները, բոլորը կստանան իրավական ու օրինական լուծումներ:
Դիտարկմանը, թե դուրս է գալիս, որ դատավորները մեղավոր չեն, մեղավորը համակարգն է, որ սխալ հրահանգնե՞ր է տալիս, Գ. Ջհանգիրյանն արձագանքեց. «Ես չասացի, որ չեմ մեղադրում դատավորներին: Ասում եմ, որ համակարգը, քաղաքական ղեկավարությունը, պետության ղեկավարները այսօր այդ համակարգերի առջեւ այլ խնդիրներ են դրել: Դուք տեսեք, թե մեկ տարում հանցագործության կորագիծն ինչ աննախադեպ չափով է աճել` 73 տոկոսով: Լավ, ասենք դրա 20 տոկոսը թող հաշվառման, բարելավման հետեւանք լինի. Բա մյուս 50 տոկո՞սը: Դա ուղղակի հետեւանք է նրա, որ ողջ իրավապահ համակարգը այսօր չի զբաղված իր հիմնական գործով` հանցագործների դեմ պայքարով: Նա զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով, դրա համար դա պարարտ հող է հանցագործների համար, նրանց անվախ, անկաշկանդ գործունեության համար, որի արտացոլումն էլ հենց այդ թվերն են»:
Իսկ եթե Լ. Տեր-Պետրոսյանը չվերադառնար ակտիվ քաղաքականություն, Ձեր մեջ այս ընդվզումը ե՞րբ էր առաջանալու, հարցին էլ պատասխանեց. «Ես սպասել եմ այս օրվան, շատ եմ սպասել եւ Լ. Տեր-Պետրոսյանի գալը առիթ, հիմք, պատճառ էր, որ ես իմ որոշումը կայացնեմ: Չեմ փոշմանել եւ մենք նաեւ ձեզ հետ միասին, ժողովրդի հետ միասին գնալու ենք առաջ` մինչեւ հաղթանակ»:
Այնուհետեւ անդրադառնալով ժողովրդի մեջ առկա տրամադրություններին, նա ընդգծեց. «Իհարկե, նախընտրական շրջանում ժողովրդի տրամադրություններն այլ էին, հիմա այլ են, բայց ես կարծում եմ, որ հիմա ժողովրդի մեջ ներքին վճռականությունն ավելին է: Կարող եմ ավելին ասել. պետական համակարգում գրեթե բոլոր ծառայողների մեջ գիտակցումը, որ իրենք այսօր, թե վաղը, մեկ է հանձնելու են իշխանությունը, արմատացած է: Իրենք տեսնում են, որ ոչ իրենց կառավարությունը, ոչ օրենսդիր ու գործադիր իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն կարողանում անել` ոչ երկրում քաղաքական մթնոլորտը ներդաշնակեցնելու ոչ տնտեսական իրավիճակը բարելավելու, ոչ էլ արտաքին քաղաքականության ոլորտում: Աշնանը իմ կարծիքով, այս բոլորը ավելի ցցուն ու արտահայտված կլինի եւ բոլորի համար տեսանելի: Աշնանը լինելու է հզոր ժողովրդական շարժում»:




























