Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն, ազատվելով Արթիկի թեմի առաջնորդի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոններից, նշանակվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
(կենսագրական)
Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը՝ Վարդգես) ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
1983-1993 թթ. սովորել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում:
1994-1999 թթ. սովորել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում:
1999-2000 թթ. ուսումը շարունակել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանում:
1998 թ. սովորել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Բոսսեի Էկումենիկ դպրոցում (Շվեյցարիա, Ժնեւ):
2001 թ. սովորել է Դանիայի Արհուս քաղաքի Դիակոնալ դպրոցում` ուսումնասիրելով սոցիալական աստուածաբանություն:
2000 թ. հուլիսի 16-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2000 թ. հուլիսից աշխատում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
2001 թ. հոկտեմբերի 22-ին պաշտպանել է ավարտաճառ` «Դրվագներ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատմությունից» թեմայով` արժանանալով «քաջալավ» գնահատականի:
2001 թ. նոյեմբերի 11-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքեանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2002-2004 թթ. ուսանել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում (Սերգիեւ Պոսադ)` ստանալով Աստուածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2004 թ. հունիսից կրկին ծառայության է նշանակվել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
2004-2009 թթ. եղել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամ:
2004 թ-ից ԵՀԽ Էկումենիկ պաշտոնյաների ցանցի անդամ է:
2005 թ. օգոստոսից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն:
2005 թ. ընտրվել է ԵՀԽ Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2006 թ. ապրիլի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում «Էկումենիզմը 20-րդ դարում եւ Հայ Եկեղեցին» թեմայով պաշտպանել է վարդապետական թեզ եւ ապրիլի 23-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները:
2008-2009 թթ. հաճախել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց:
2009 թ.-ից Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի անդամ է:
2010 թ., ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում եւ ձեռնադրություն:
2012 թ.-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ համատեղության կարգով նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդ:
Մասնակցել է 2006 թ. Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ԵՀԽ 9-րդ համագումարին, 2007 թ. Ռումինիայի Սիբիու քաղաքում համաեվրոպական երրորդ էկումենիկ ասամբլեային, եւ 2009 թ. Լիոնում կայացած Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համագումարին:
2010 թ.-ին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բաքու կատարած այցի պատուիրակության անդամ, 2011թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի պատուիրակության անդամ: 2013 թ.-ին` Բուսանում գումարված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի ժամանակ, եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատուիրակության անդամ: 2014-2015 թթ.-ին` Վատիկան կատարած այցերի ժամանակ, ուղեկցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:





























