Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչները, որոնց տների տարածքները գերակա շահ են ճանաչվել եւ քանդվել, այսօր՝ հունիսի 25-ին, կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին Կառավարության շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Ռուզաննա Հարությունյանը՝ նշելով, որ արդեն 7 տարի է, իրենք սպասում են փոխահատուցման:

«Մեր շենքերը գերակա շահ են ճանաչվել եւ քանդվել են, սակայն մինչեւ հիմա փոխհատուցում չեն տվել, չնայած պայմանագիր ենք կնքել: Շատ ենք կառավարության մոտ բողոքել, սակայն ապարդյուն, հիմա նորից հանդիպելու ենք վարչապետի հետ, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով։