Մաշտոցի զինկոմիսարիատն ինքնիրավչությամբ է զբաղվում, որի մասին նամակով կտեղեկացվի ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը`  2015թ. ամառային զորակոչի թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստին։

Հանձնաժողովի նախագահը բարկացավ, երբ զորակոչիկ Էրիկ Հակոբյանը, որը տեսողական խնդիրներ ունի (-6,-4) գանգատվեց, որ Մաշտոցի զինկոմում հրաժարվել են իրեն հետազոտական ակտի պատճենը տալ՝ պատճառաբանելով, թե ինքը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց:

«Այս ի՞նչ ինքնիրավչություն է, չեմ հասկանում: Ես կարծում էի, որ մենք վաղուց հաղթահարել էինք նման միջադեպերը: Մաշտոցի զինկոմում խախտում են քաղաքացիների իրավունքները: Այս մասին ՊՆախարարին է պետք գրել»,- զայրացած ասաց Գեղամ Հարությունյանը:

Էրիկ Հակոբյանը բացատրեց, որ ինքը ոչ թե հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, այլ դրա հետեւում գրել է, որ այն բողոքարկելու է: Զորակոչիկի դիմումը չի ընդունվել, եւ անմիջապես ուղարկվել է Քննչական կոմիտե` որպես ծառայությունից խուսափելու փորձի մասին հաղորդում:  

Հանձնաժողովի անդամ Արեն Սարգսյանը տեղում զանգահարեց Մաշտոցի զինկոմիսարիատ, որտեղից տեղեկացրին, որ Էրիկ Հակոբյանի գործն այժմ Քննչականում է:

Գեղամ Հարությունյանը կրկին զայրացավ. «Դա բացատրություն չէ, խաղ է: Ինչո՞ւ մարդու դիմումը չեն ընդունել, ու գործը միանգամից Քննչական են ուղարկել: Թող գրություն ուղարկեին, ոչ թե գործը, զորակոչի ժամկետը չի վերջացել: Ինքնիրավչություն է, ինքնուրույն որոշումներ են ընդունում, այնտեղ դեռեւս հնուց մնացած ռեցիդիվներ կան»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Արեն Սարգսյանը համաձայնեց, որ Մաշտոցի զինկոմիսարիատում ակնհայտորեն ոտնահարել են Էրիկ Հակոբյանի իրավունքները։

«Դե մեկն ասել ա՝ էդպես արեք, իրենք էլ արել են: Պետք է հասկանալ՝ ով է հրահանգել դիմումը չընդունել եւ գործը քննչական ուղարկել: Մեկը պետք է պատժվի՞ սրա համար, թե ոչ»,-ասաց նա՝ կատակելով, թե այստեղ մի մուտիտ կա: 

Գեղամ Հարությունյանի զորակոչիկը խորհուրդ տվեց հանձնաժողովին դիմում ներկայացնել, որում մանրամասնորեն կնշի, թե երբ է դիմել Մաշտոցի զինկոմիսարիատ, ինչու է իր դիմումը մերժվել եւ գործն ուղարկվել Քննչական կոմիտե` խոստանալով ընթացք տալ գործին։

Նշենք, որ այսօր հանձնաժողովը կքննի 27 դիմում-բողոք: