Այնթափ գյուղից Պետրոսյանների ընտանիքը, որը 2 տարի առաջ գազատար խողովակների պայթյունի պատճառով զրկվել է տնից, շարունակում է պնդել, որ պայթյունը տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայի» անփութության պատճառով, եւ ընկերությունից պահանջում է փոխհատուցում` գումար, կամ բնակարան:
Այսօր` հունիսի 25–ին, հերթական անգամ կառավարության առջեւ բողոքող Պետրոսյանների ընտանիքի անդամ Արտակ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ 2 տարի առաջ Այնթափ գյուղում գտնվող 7 հոգուց բաղկացած ընտանիքի տան տակով անցնող պլաստմասե գազատար խողովակը վնասվել է, և ծխախոտի կայծից առաջացած պայթյունից տունը փլուզվել է, դարձել բնակվելու համար անպիտան, իսկ տան բնակիչ` 28-ամյա Արտակը, 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել:
«2013թ. ժամը 13։00-ի սահմանում անկողնուս մեջ պառկած ծխախոտը վառել եմ, որից հետո տունը պայթել է։ Այրվածքաբանական հիվանդանոցում 70 օր բուժվել եմ, ոչ մի բանով չեն օգնել մեզ։ Ոստիկանությունը 1 տարի նախաքննություն է վարել, որի արդյունքում պարզվել է, որ փողոցի ապօրինի պլաստմասե խողովակի պատճառով է տունը պայթել»,-ասաց Արտակը՝ հավելելով, որ իրենք արդեն 2 տարի է` վարձով են ապրում, իսկ ինքը 2-րդ կարգի հաշմանդամ լինելու պատճառով չի կարողանում աշխատել և գումար վաստակել տան վարձը վճարելու համար։
Նրա խոսքով՝ մինչև պայթյունը 2 ամիս շարունակ իրենք գազի հոտ են զգացել, անընդհատ «Գազպրոմ Արմենիա» են զանգել, սակայն աշխատակիցները եկել են և արտահոսք չեն հայտնաբերել։
«Մենք նրանց ասել ենք, որ այդ հատվածով ստորգետնյա գազի խողովակ է անցնում, որտեղից էլ, հնարավոր է, արտահոսք կա։ Ասացին` գնանք, գազի վերլուծիչ սարքով կգանք, կստուգենք ու այդպես էլ չեկան։ «Գազպրոմ Արմենիան» պլաստմասե խողովակները ճանաչել է շիննորմերին համապատասխան ու 5 տարի շահագործել դրանք, Արարատի մարզի «Գազպրոմ Արմենիայի» բոլոր շեֆերը 25-30 տարվա ստաժ ունենալով՝ ապօրինի գազի գիծը 5 գնահատականով են ընդունել»,-ասաց Արտակը։
Ընտանիքը ոչ մի փոխհատուցում չի ստացել, քանի որ գործը 1 տարի է` քննության փուլում է. «1 տարի է` գործը դատարանում է և անընդհատ ձգձգվում է։ Դատավորի ու դատախազի պահանջով քաղաքացիական հայցը՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի», ներկայացրել ենք, սակայն մինչև հիմա չի քննվել անհասկանալի պատճառներով»։
«Գազպրոմ Արմենիան» իր մեղավորությունը չի ընդունում։





























