Եթե մի զինկոմիսարիատ մյուսներից ավելի շատ է դիմում–բողոքներ ստանում, դեռ չի նշանակում, որ վատ է աշխատում։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, 2015թ. ամառային զորակոչի թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում, NEWS.am-ին ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

«Հիմնականում առողջության հետ կապված խնդիրներով են ներկայանում: Պետք է կոնկրետ մոտենալ այս հարցին: Իհարկե, ուրվագծվում են որոշակի խնդիրներ զինկոմիսարիատներում, եւ այս կամ այն զորակոչի ընթացքում մի քիչ այդ առումով աչքի են ընկնում որոշ զինկոմիսարիատներ, բայց եզրակացնել, որ ամենաշատ դիմում-բողոք ստացած զինկոմիսարիատը վատ է աշխատել, չի կարելի, սխալ է: Միշտ պետք է նայել դիմում-բողոքի էությանը, որովհետեւ հիմնականում բողոքում են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության դեմ, պետք չէ վատ գնահատել զինկոմիսարիատի աշխատանքը»,- ասաց նա:

Գեղամ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված հանձնաժողովի նպատակն է լրացուցիչ ուսումնասիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած հետազոտական եզրակացությունները, եւ թերացումներ նկատելու դեպքում միջնորդություն ներկայացնել ԿԲՀ–ին` վերանայելու իրենց որոշումը:

«Որպես կանոն, դիմում-բողոքները կապված են արդեն իսկ կայացված փորձագիտական եզրակացությունների արդյունքների կամ ոչ լիարժեք կատարված հետազոտությունների հետ: Սակայն այսքան քննարկված դիմում-բողոքներից ոչ մեկում միանշանակորեն կասկածի տակ չենք դնում ԿԲՀ-ի կայացրած փորձաքննության արդյունքները: Բայց եթե նման դեպքեր լինում են,  եւ լինում են, իհարկե, նման դեպքեր, մենք միջնորդությամբ հիմնավորում ենք, որ վերանայման կարիք կա»,- ասաց Պաշտպանության նախարարի խորհրդականը՝ ավելացնելով, որ հանձնաժողովում ներգրավված են փորձառու բժիշկներ, հոգեբաններ եւ իրավաբաններ:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս տարի արդեն ստացել են շուրջ 60 բողոք-դիմում, որից 27-ը կքննարկվի այսօր:

 Զորակոչիկները բողոք-դիմումները կարող են ներկայացնել մինչեւ զորակոչի վերջին 5 օրը:

Նշենք, որ ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին, եւ կավարտվի հուլիսի 31-ին: