Ձախ ձեռքի ճաճանչոսկրի վնասվածք ստացած, 44.3 կգ կշռող, թերսնուցված Աշոտ Բայրամյանին Արաբկիրի զինկոմիսարիատը ծառայության համար պիտանի է ճանաչել: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, 2015թ. ամառային զորակոչի թափանցիկության եւ օրինականության ապահովման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստին ասաց զորակոչիկը՝ գանգատվելով, որ իր նկատմամբ լրացուցիչ բժշկական հետազոտություն չի նշանակվել:
«Ինձնից էլ, ձեզնից էլ լավ ա ուտում, բայց քաշ չի հավաքում: 2011-ին ընկել ա, ձախ ձեռքը կոտրել ա, ոսկորը սխալ ա կպել՝ ներվը մնացել ա երկու ոսկորների արանքում, դաստակը ուղիղ պահել չի կարողանում: Ձախ ձեռքի երեք մատը չի զգում»,- գանգատվեց զորակոչիկի մայրը:
Հանձնաժողովում ներգրավված բժիշկը պնդեց, որ Աշոտ Բայրամյանը պետք է պարտադիր կրկնակի բժշկական հետազոտություն անցնի:
«Էս մարդը չի ուղարկվել հետազոտության, թարմ տվյալներ չկան: Վերջին անգամ հետազոտվել է 2013թ., պետք է անպայման նոր հետազոտություն նշանակվի»,- ասաց բժիշկը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ Արաբկիրի զինկոմիսարիատը պարտավորվեց Աշոտ Բայրամյանի նկատմամբ կրկնակի հետազոտություն նշանակել:
Այսօր փորձագետները ստացված 60 բողոք-դիմումներից քննեց 27-ը:
Նշենք, որ ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին, եւ կավարտվի հուլիսի 31-ին: Զորակոչիկները բողոք-դիմումները կարող են ներկայացնել մինչեւ զորակոչի վերջին 5 օրը:





























