Երեւանի Բաղրամյան պողոտայում հետաքրքիր միջադեպ է գրանցվել ռուսական  НТВ հեռուստաընկերության լրագրողի կողմից ակտիվիստներից հարցազրույց վերցնելու ժամանակ:

Այն պահին, երբ ռուսական լրատվամիջոցի լրագրողը ուղիղ եթեր էր մտնում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նրան շրջափակել են ռուսերեն գրված պաստառներով, ուղղված այն փաստին, որ ռուսական լրատվամիջոցները ստում են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս:

Պարզված պաստառների վրա գրված է եղել. «Говорите правду», «Российская лживая медиа»:

Նմանատիպ դրվագներ են եղել նաեւ այլ ռուսական լրատվամիջոցների թղթակիցների հետ: Մեկ այլ ռուս լրագրողի ակտիվիստներից մեկը խնդրել է ապատեղեկատվություն չտարածել՝ ասելով. «Մենք Մայդան չենք ուզում, մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ պաշտպանելով մեր իրավունքները»:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները Երեւանում ընթացող բողոքի ակցիան ներկայացնում են որպես Արեւմուտքի կողմից ղեկավարվող ու ֆինանսավորվող հերթական «մայդան», որն ունի ընդգծված հակառուսական կողմնորոշում:

Լուսանկարն՝ «Aravot.am»-ի