Վանաձորցիները սատարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին։ «Ոչ թալանին- Վանաձոր» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: Անվիճելի է, որ 17 ՀՀ դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացված հիմնավորումները խոսում են ընկերության կողմից չարաշահումների, վատնումների եւ ընդհանուր վատ կառավարման մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգելու եւ Ընկերության ներկայացրած ծախսերը մանրամասն քննության ենթարկելու փոխարեն ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց հաստատել սակագնի 6,93 ՀՀ դրամով թանկացումը:
2015 թ. հունիսի 19-ից Երեւան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին եւ լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության բերման է ենթարկվել 237 անձ, որոնց նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ՝ խուլիգանության համար: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց:
- Գտնելով, որ սակագնի որեւէ բարձրացում հիմնավորված չէ՝ ՀՀ Կառավարությունից եւ նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը եւ անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն
- Դատապարտելով խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած եւ դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին
- Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարեւոր իրավունքներից մեկը՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից եւ ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների եւ լրագրողների անհիմն քրեական եւ վարչական հետապնդումը եւ հատուցել պատճառված վնասը»:





























