Չնայած հորդառատ անձրեւին՝ այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտարարված նստացույցի մոտ 200 մասնակիցներ քիչ առաջ թատերական հրապարակից  իրազեկման երթ են սկսել:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ երթի մասնակիցներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ՝ Գյումրիի մարզային ոստիկանապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Կումայրիի բաժնի պետ Արթուր Հակոբյանի, եւ Ճանապարհային ոստիկանապետի տեղակալը Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: 

Իրազեկման քայլերթին ինքնաբուխ միանում են մեքենայով քաղաքացիները՝ երթը վերածելով ավտոերթի:

Ցուցարարները իրազեկումն իրականացնում են վանկարկելով՝ «Երեւան Գյումրին քո հետ է», «Միացեք, միայն մեր լույսը չի թանկանում» «Ոչ թալանին»: Նրանք նաեւ կատարում են հայրենասիրական երգեր:

Երթի մասնակիցները իրազեկումից հետո կվերադառնան Թատերական հրապարակ՝ կրկին միանալով նստացույցին:

Գյումրեցիների խոսքով՝ իրենք նստացույցը կշարունակեն այնքան ժամանակ մինչեւ մայրաքաղաքում որեւէ բան  կորոշվի:

Նշենք, որ ակցիային բացի երիտասարդներից մասնակցում են նաեւ տարեց մարդիկ իրենց թոռների հետ:

Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Գյումրիում նույնպես ակցիաներ են կազմակերպվել:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: