Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին հատկապես վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության եւ իր գործողություններն ու դրանց հետեւանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին:
Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը եւ բնական է, եւ անհրաժեշտ: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը եւ երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»:
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մասնակիցների թիվն անընդհատ ավելանում է։
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:





























