Հայաստանի ոստիկանությունն այս գիշեր էլ գործողություն չի ձեռնարկի Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների դեմ։ Այդ մասին հայտարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների եւ նաաձեռնող խմբի անդամների հետ զրույցում։
Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին ասաց, թե ակտիվիստները պետք է մնան օրինականության շրջանակներում, այլապես իրավապահները կարգի կհրավիրեն նրանց։ Երեւանի փոխոստիկանապետը նաեւ խոստացավ, որ գիշերը լույսերը չեն անջատվի։ Նա նշեց, թե ավտոմատացված համակարգը կարող է անջատել լուսավորությունը, բայց իրենք կմիջամտեն եւ հաշված րոպեների ընթացքում կվերականգնեն լուսավորությունը։
Հարցին, թե հնարավոր է, որ Վլադիմիր Գասպարյանը պողոտա գա, նա պատասխանեց, թե չի բացառվում։
Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է։
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:





























