Բաղրամյան պողոտայում ցուցարարները սադրանքների մասին ահազանգեր են ստացել եւ անմիջապես հայտնել ոստիկաններին։

Մասնավորապես, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտնել է, որ Բաղրամյան պողոտայում ինչ-որ կրպակից տակից գարեջուր են վաճառում։ Ըստ Շուշանյանի, նստացույցի մասնակիցների միջեւ անձինք թռուցիկներ են տարածում հայ ազգային կոնգրեսի անունից։ ՀԱԿ-ը արդնե հերքել է, որ իրենք են այդ թռուցիկների հեղինակը։

Շուշանյանը նաեւ սենսացիոն հայտարարություն արեց ամբիոնից։ Ըստ նրա, իրենք ՀԷՑ-ում աղբյուրից տեղեկացել են, որ ՀԷՑ-ը միայն 6,02 դրամի հայտ է ներկայացրել սկզբնապես, իսկ 17 դրամ ավելացումը, ապա 6,93 դրամի թանկացումը իշխանությունների ձեռքի գործն է։

Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է։

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: