Սա միայն առաջին հայացքից է զտարյուն պատանեկան շարժում, որի ընթացքում փորձում են «փայ մտնել» եւ խնդիրներ լուծել ոչ միայն տարածաշրջանային խաղացողներն ու ռուսահաճ քաղաքական միավորումներն ու դրանց ժամկետանց լիդերները, այլեւ հանրապետական գերատեսչությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:
Ինչպե՞ս եք գնահատում օրեր շարունակ Երեւանում իրականացվող բողոքի ակցիան:
Միայն ողջունել եւ հիանալ կարելի է: Մենք աստիճանաբար քաղաքացիական ու պետական ազգ ենք դառնում, կեցցեն պատանիներն ու երիտասարդները: Իմ սերունդը նրանց հողաթափերի քուղերը քակելու պատիվն իսկ չունի, ինչպես Աստվածաշունչը կասեր:
Արդյոք պահպանողականները մասնակցո՞ւմ են բողոքի ակցիաներին, կամ մտադի՞ր եք միանալ երիտասարդներին:
Միմյանց հերթափոխելով բազմաթիվ երիտասարդ պահպանողականներ մասնակցում են, սակայն ո՛չ որպես կուսակցականներ, այլ քաղաքացիներ: Առնվազն այս փուլում նման գեղեցիկ, քաղաքացիական գործընթացը հարկ չկա, որ քաղաքականանա: Ինքս էլ երբեմն լինում եմ այնտեղ եւ դարձյալ որպես ամենաետին քաղաքացի:
Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անեն իշխանությունները: Դուք, օրինակ, հոսանքի գինը չբարձրացնելու փոխարեն՝ ի՞նչ տարբերակներ կառաջարկեք:
Ոչ միայն այս հարցով, այլ ընդհանրապես ներկա իշխանությունները երկրի համար միայն մեկ բան կարող են անել՝ միջազգային ներգրավմամբ ընտրություններ անցկացնել ու հեռանալ: Իսկ տվյալ հարցը միանգամայն լուծելի է. պարզապես պետք է չեղարկել դաունների հավաքածուի ընդունած օրենքը եւ Հայաստանում դատակոչել ռուսական ընկերությանն ու Նազարյանին: Բայց հասկանում եմ, որ դեռ որոշ ժամանակ եւ դեպքեր են պետք:
Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ նախ ոստիկանները ուժով փորձեցին ցրել ցույցը, իսկ հետո մեղմ դիրքորոշում են որդեգրել: Ինչո՞ւ է իշխանությունը իրեն մեղմ պահում:
Սա միայն առաջին հայացքից է զտարյուն պատանեկան շարժում, որի ընթացքում փորձում են «փայ մտնել» եւ խնդիրներ լուծել ոչ միայն տարածաշրջանային խաղացողներն ու ռուսահաճ քաղաքական միավորումներն ու դրանց ժամկետանց լիդերները, այլեւ հանրապետական գերատեսչությունները: Վստահ եմ՝ ա՛յլ կառույց էր, որ ոստիկանության ձեռքով օպերացիա իրականացրեց, իսկ ոստիկանապետը մի քիչ ուշ գլխի ընկնելով՝ փորձում է չստանձնել վարկաբեկվողի եւ քավության նոխազի ոչ պատվաբեր դերը, որն այնքան էլ հաջող չի ստացվում: Իշխանության պահվածքի մասին այս փուլում կգերադասեմ լռել, թեեւ առնվազն ինձ համար շատ հստակ է:
Ակնհայտ է, որ քաղաքացիական պայքարին արտաքին ուժերը փորձում են որոշակի մայդանական երանգ տալ: Ինչո՞վ եք բացատրում նման հետաքրքրվածությունը Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների նկատմամբ:
Արտաքին ուժերից միայն ռուսական կողմն է, որ այդպիսի հիմարություն է դուրս տալիս, ինչպես նաեւ ուկրաինական դժբախտ հատվածը, որը, հասկանալի է, կկամենար իր դժբախտության մեջ միայնակ չլինել, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել: Աստված չանի, որ ա՛յս պահին սա դառնա «մայդան». նողկալի է թյուրքական այդ բառը: Վերջին կես տարվա ընթացքում մեր երկրում արհեստական մայդան հասունացնելու մի քանի փորձ արվել է, որոնցից ամենաողբերգականը Գյումրու դեպքերն էին: Պրոյեկտի հեղինակների նպատակը մեկն է՝ արհեստական հասունացում եւ շատ կոպիտ վիժեցում, որից մեր ազգային, քաղաքացիական օրգանիզմը երկար ժամանակ ուշքի գալ չի կարող, եւ իսկական պահը կդիմավորի անպատրաստ ու կպարտվի: Սակայն թե՛ գյումրեցիները, թե՛ մեր այս հրաշք պատանիներն ու երիտասարդները իրենք են վիժեցրել դրսի այդ խայտառակ պրոյեկտները: Մենք հերթական անգամ, կարծում եմ՝ վերջնականապես, ապացուցեցինք, որ այլեւս ստրուկ չենք, այլ ռազմագերի: Իսկ դրանք տարբեր, շատ տարբեր բաներ են եւ ենթադրում են տարբեր մոտեցումներ, ռազմավարություն եւ մարտավարություններ:
Հայաստանը, ճիշտ եք, այժմ ուշադրության կիզակետում է: Մեր շուրջն ամեն բան եռում է. շատ շուտով դա մենք կտեսնենք նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Այս օրերին անընդհատ հիշում եմ Արթուր Մեսչյանի երգի տողը՝ «Դու զարկդ պահիր գալիք մարտերին եւ նայիր հեռուն»: Եվ մեր իշխանություններից այլ բան չի պահանջվում, քան հիմարություն չանելը, թեեւ իշխան Համլետի պես հիմար ձեւանալը չէր խանգարի:
Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը





























