Ոստիկանության տեսանյութը չի կարող ապացուցել Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի մեղավորությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը՝ ավելացնելով, որ դատարանում տուժող ոստիկանների ցուցմունքները չեն համապատասխանում տեսանյութում ներկայացվածին:

«Հայկ Կյուրեղյանը ընդամենը 1 րոպե մնաց մեքենայի վրա, բայց ինչպես պնդում է մեքենայի տերը, իր մեքենան հետո շատ վատ վիճակում է հայտնվել: Բայց տեսանք, որ Հայկը չի թռվռացել դրա վրա, այլ հանգիստ կանգնել է մեկ րոպե: Բացի այդ, ոստիկանները պնդում էին, որ վիրավորվել են, բայց ոչ մեկը ոչ գլուխը, ոչ ականջը, ոչ մի տեղը չի բռնում, որը կապացուցի, որ վիրավորվել են:Նրանք նաեւ չեն զգուշացնում Կյուրեղյանին իջնել մեքենայի վրայից, այլ սպասում են, հետո մոտենում, առանց բանակցելու, ուժով նրան ցած են իջեցնում, սակայն ցուցմունքում այլ կերպ են նկարագրում իրավիճակը:  Այս տեսանյութը չի ապացուցում ոստիկանների ցուցմունքները, ինչպես նաեւ նաեւ Հայկ Կյուրեղյանի մեղավորությունը»,-ասաց փաստաբանը:

Պաշտպանի խոսքով՝ տեսանյութում չի երեւում նաեւ Հայկ Կյուրեղյանին ոստիկանական մեքենան նստեցնելը, քանի որ ոստիկանության օպերատորը տեսախցիկն այդ պահին դատարանի դիմաց հավաքված ցուցարարների վրա է պահում, իսկ ինչպես գիտենք, Կյուրեղյանը պնդում է, որ այդ պահին ոստիկաններն իրեն բռնության են ենթարկել:

Պաշտպան Անժելա Հոբոսյանին նաեւ տարօրինակ թվաց այն փաստը, որ նիստը նախագահող դատավոր Դավիթ Բեկթաշյանը տեսանյութի հրապարակումից հետո իր եւ մեղադրողի կարծիքը չհարցրեց, որքան էլ ինքը կարծիք հայտնելու լիազորություն չունի: 

Նշենք, որ դատական նիստին ներկա չէին տուժողները, եւ ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը, որոնք եւս, ըստ պաշտպանի, անպայման պետք է դիտեին տեսանյութը եւ իրենց կարծիքը հայտնեին:

Անժելա Հոբոսյանը նշեց, որ ինքը չի կարող այսօր ներկայացված ապացույցին հակառակ ապացույցներ բերել, քանի որ լիազորված չէ Հայկ Կյուրեղյանի կողմից՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ նիստերին ներկա լինելուց ամբաստանյալին զրկելով՝ դատարանը կոպտորեն խախտում է նրա իրավունքները: 

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 3-ին, կուսումնասիրվեն գործում առկա գրավոր փաստաթղթերը: 

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: