Սևանում սիգ և իշխան ձկնատեսակները վերջին մի քանի տարվա ընթացքում շատացել են: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողներին ասաց Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը՝ հավելելով, որ Սևանա լճի կարևոր հիմնախնդիրներից է շարունակում մնալ աղբահանության և կոյուղացման հարցը:
«Արդեն մանրաձկան արտադրության և ձկի վերամշակման համար գործարան է կառուցվում, որի աշխատանքները սկսված են: Նաև ծրագիր է մշակվում, որով նախատեսվում է Սևանի ձկնատեսակների քանակը մինչև 50.000 տոննայի հասցնել:
Ջավադյանի խոսքով՝ Սևանա լճի ընդհանուր վիճակը վերջին տարիներին լավացել է՝ անցյալ տարվա վերջին տվյալներով 10.5 մետր ջրի թափանցելիություն կա. «1.5 անգամ մեծացել է ջրի հանքայնությունը, ազոտի պարունակությունը շուրջ 50 անգամ բարձրացել է, ջրի մի շարք կոմպոնենտների պարունակությունը շատացել է, հատակի ջերմաստիճանի նորմալացում, քիմիական ու ֆիզիկական բաղադրությունների դրական մակարդակ կա»:
Ջավադյանը նաև տեղեկացրեց, որ անցած տարի ջրի սակավության պատճառով Սևանից ոռոգման նպատակով շատ ջուր է բաց թողնվել, սակայն այս տարի նախատեսված է այդ նպատակով 170.միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել. «Այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի, ոռոգման համար բաց կթողնվի ավելի քիչ ջուր, քան անցած տարիներին»։





























