Նախկինում գողության համար դատապարտված, ազգությամբ ռուս 43-ամյա Կարինե Սոբչենկոն մեղավոր ճանաչվեց իրեն սեռական հարաբերությունների առաջարկ արած գյումրեցի Կարեն Մկրտչյանին սպանելու մեջ եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Այսօր՝ հունիսի 26-ին, նման որոշում կայացրեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ միաժամանակ, Կարինե Սոբչենկայի նկատմամբ նշանակելով ամբուլատոր հոգեբուժական հսկողություն:

NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Կարինե Խաչատրյանը նշեց, որ 9 տարին խիստ պատիժ է. իր պաշտպանյալի արարքը իրավական սխալ որակում ունի, քանի որ, ըստ նրա, Սոբչենկոն ոչ թե դիտավորությամբ, այլ անզգուշությամբ է առաջացրել Կարեն Մկրտչյանը մահը: 

Պաշտպանի խոսքով` դատավճիռը ենթակա է բողոքարկման, սակայն իր պաշտպանյալ Կարինե Սոբչենկոն իրեն լիովին մեղավոր է ճանաչում եւ չի ցանկանում Վերաքննիչ դատարան դիմել:

Նշենք, որ Կարինե Սոբչենկոն ամբողջ դատավարության ընթացքում պնդում էր, որ ինքը մեղավոր է, բայց  չի ցանկացել կյանքից զրկել Կարեն Մկրտչյանին:

«Ես շատ մեղավոր եմ: Մեղավոր եմ նրանում, որ էդ դանակը ձեռս վերցրի: Բայց վախեցած էի շատ, քնահարամ էի, թե չէ նման բան չէի անի: Ուղղակի վախենում էի, ես ուզում էի անպակաս լինեի իմ երեխու գլխից, 17 տարեկանից միայնակ մայր եմ եղել: Եթե մեղավոր եմ, դատեք ինձ։ Ավելի լավ էր` ես մեռնեի, քան ինքը: Նա միշտ իմ կողքին ա լինելու, իրա հրեշտակներն իմ շուրջն են պտտվելու ամբողջ կյանքս»,- արցունքներն աչքերին ասաց 43–ամյա Սոբչենկոն:

Հիշեցնենք, որ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է  առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող` իր կողմից վարձակալված սենյակներից մեկում, վրդովված լինելով մեկ այլ վարձակալ Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: