Գյումրիում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման իրազեկման երթն ավարտվել է: Երթի մի քանի տասնյակ մասնակիցները Գյումրիի Թատերական հրապարակում շարունակում են նստացույցը:

NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ նստացույցը հսկող ոստիկանների թիվը շատ մեծ է:

Քիչ առաջ Թատերական հրապարակ այցելեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը մի քանի հոգեւորականների  հետ եւ զրուցեց ցուցարարների հետ:

«Քաղաքացիների պահանջն արդարացի է: Ժողովուրդը որտեղ կուտակվում է, այնտեղ քահանա պիտի լինի, որ բախումներ չլինեն, 2 կողմերն էլ իրենց զգաստ պահեն»,-ասաց Աջապահյանը:

Նշենք, որ գյումրեցիները չնայած անձրեւոտ եղանակին, բարձր տրամադրություն ունեն, հայրենասիրական երգեր են երգում ու պարում:

Ցուցարարները վստահ են, որ իրենց բողոքն արդյունք կտա:

Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Հայաստանի տարբեր մարզերում նույնպես ակցիաներ են կազմակերպվել:

Հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: