Եթե Ավետիսյանների սպանության գործի վարույթը փոխանցվել է հայկական կողմին եւ համաձայնություև է ձեռք բերվել Հայաստանում դատաքննության իրականացման մասով, ապա այն կլինի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Լուսինե Սահակյանը:
Երկու փաստաբաններն էլ շեշտեցին, որ մինչ այս իրենց որեւէ բան չեն հայտնել վարույթը հայկական կողմին հանձնելու մասին, նրանք այդ մասին տեղեկացել են քիչ առաջ նախագահականի տարածած հաղորդագրությունից:
«Եթե նման բան կա, ապա միայն կարելի է ողջունել, վարույթը փոխանցելով՝ կկարողանան ամբողջական տեղեկատվության տիրապետել, համապարփակ քննություն անել: Հաղորդագրության մեջ խոսք էր գնում արդեն կատարված փաստի մասին, մինչդեռ մինչեւ այժմ որեւէ մեկը մեզ չի հայտնել վարույթի փոխանցման մասին, սա առնվազն տարօրինակ է, հուսով եմ՝ որեւէ շփոթմունք այստեղ չկա»,-ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ վարույթները միացնելուց հետո նախաքննական մարմինը դեռ գործողություններ ունի անելու, փաստաբանները միջնորդություններ կանեն եւ այլն:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ վարույթների միացման դեպքում որոշ գործողությունների անհրաժեշտություն կլինի, սակայն դրանք կարճ կտեւեն: «Դատելով հայտարարությունից՝ համաձայնություն կա, որ Պերմյակովին եւս հանձնելու են, քանի որ Հայաստանում հեռակա դատավարություն գոյություն չունի: Եւ եթե վարույթը հանձնել են, ուրեմն հիմնականում քննչական գործողությունները պետք է ավարտված լինեն, սակայն այս մասին վերջնական կասենք, երբ գործի նյութերին կծանոթանանք: Երկու կողմերն էլ բավականաչափ ժամանակ են ունեցել քննություն իրականացնելու համար, ուստի՝ վարույթի հանձնումից հետո կարճ ժամանակում կամբողջացնեն երկու գործերը»,-ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին տեսնելուն, Լուսինե Սահակյանը նշեց, որ նման հնարավորություն կունենան դատավարության ընթացքում, եթե իհարկե չլինեն որոշակի քննչական գործողություններ, առերեսումներ, որոնց թույլ կտան մասնակցել տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին:
Նշենք, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը։
Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին եւ, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար:
Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության եւ եղբայրության ոգին եւ լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռա
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բողոքի ակցիայի ճնշման ներքո միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:





























