Երեւանի քաղաքապետարանը եւ STR ակումբը «Երեւանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին ժամը 13:00–ից Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երեւան»  մրցաշարը:

Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ. թյունինգապատ, սպորտային մեքենաներ, ինչպես նաեւ մոտոցիկլներ։

13:00-ին նախ ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձեւավոր վարում  մրցության մասնակիցները`  մինչեւ 2 լ շարժիչի ծավալ ունեցող մեքենաներով: Այնուհետ մրցասպարեզը տրամադրվել է   2 լիտրից բարձր շարժիչի ծավալ ունեցող սիրողական դասի մեքենաներին, որից հետո նաեւ Հայաստանի ավտոմոբիլային  ֆեդերացիայի արհեստավարժ թվով 10 ավտոմարզիկներին: Ժամը 17-00-ին մեկնարկել է դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Վրաստանից ժամանած մարզիկներ: Հատուկ այս մրցումը դատելու համար Լիբանանից Երեւանի է ժամանել ավտոսպորտի հայազգի մարզիկ, ներկայում նման մրցաշարերի  դատավոր Գարո Հարությունյանը, ով նաեւ հանդես է եկել ցուցադրական ելույթով եւ  իր փորձը կիսել մրցաշարի մասնակիցների հետ:  Կայացել են նաեւ  ցուցադրական այլ ելույթներ: Հաղթողները պարգեւատրվել են հովանավորների կողմից սահմանված նվերներով եւ գավաթներով: