Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում վիրավորված կինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում կոմպյուտերային տոմոգրաֆիա։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը։

Ըստ նրա, կինը գտնվում է ծանր վիճակում, ունի հրազենային վնասվածքներ։ Նրա բուժումը կազմակերպելու համար գումարվել է մասնագիտական կոնսիլիում։ Աշխատանքները կոորդինացնում է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որն այժմ գտնվում է «Արմենիա» ԲԿ–ում։

«Ամենայն հավանականությամբ կարիք կլինի նեյրովիրաբույժի միջամտության, որովհետեւ կա գանգուղեղի վնասվածք։ Համաձայն ԿՏ–ի, մեկ փամփուշտ գտնվում է թիակի հատվածում», – ասաց նա։

Երեխան ողջ է, նա չի եղել մոր մոտ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին:

Այս պահին «Արմենիա» ԲԿ–ում կնոջը վիրահատում են։