ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ երկարատեւ բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի պանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, ինչպես նաեւ ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ:  Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլեւ սահմանադրական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից:

Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝  ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով,  ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ:

Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից:

Հաշվի առնելով գործընթացի նկատմամբ  հանրային մեծ հետաքրքրությունը, դրան առնչվող թույլատրելի տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությունների  միջոցով»: