NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բրիտանական «The Guardian»-ի խմբագիրներ Մեյվ Շիրլոյի եւ Չառլի Ջոնսի հոդվածը:

Ադրբեջանում անցկացված Եվրոպական խաղերն ի սկզբանե նշանավորվեցին վիճաբանություններով. հարցեր հնչեցին այն մասին, արդյո՞ք մարդու իրավունքների ոլորտում այդքան վատ հեղինակություն ունեցող երկրում կարելի է միջազգային մարզական նման միջոցառում անցկացնել: Խաղերի նախաշեմին նախագահ Իլհամ Ալիեւի կառավարությունը հաշվեհարդար տեսավ այլախոհների հետ, արգելափակեց լրագրողների եւ ակտիվիստների գործունեությունը, եւ այս ամենն իրենց ծավալով նախադեպը չի ունեցել հետխորհրդային ամբողջ տարածքում, ինչպես կարծում է «Human Rights Watch» կազմակերպությունը:

Կիրակի տեղի ունեցած փակման արարողությունից հետո մարզիկների վերադարձի հետ մենք դիտում ենք խաղերի ժառանգությանը. մարզիկների ծախսերը ծածկելու համար վատնված միլիոններից մինչեւ տասնյակ մարդիկ, ովքեր շարունակում են ճաղերի հետեւում մնալ իրենց քաղաքական գործունեության համար:

Բաքուն Եվրոպական առաջին խաղերի անցկացման միակ հավակնորդն էր: Առաջին խաղերի ժամանակ, որոնց համար, որոշ գնահատականների համաձայն, 6.5 մլրդ ֆունտ սթեռլինգ է ծախսվել, եվրոպական 50 երկրների 6 հազար մարզիկներ մասնակցեցին 20 սպորտաձեւում: Ավելի ուշ ադրբեջանական «Medyan TV»-ն ընդգծեց խաղերի բյուջեի եւ շինարարության ստվերում բնակվող 5 անդամից բաղկացած ընտանիքի բյուջեի տարբերությունը, որը հազիվ ծայրը ծայրին է հասցնում՝ ամսական ստանալով 300 ադրբեջանական մանաթ (175 դոլար):

Ներկայում այստեղ շուրջ 100 քաղբանտարկյալներ կան, որոնց առնվազն 20-ին «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը որակում է որպես «խղճի բանտարկյալներ»: «Human Rights Watch»-ն էլ մատնանշում է միայն 2014 թվականին գրանցվախ 35 միջադեպի մասին, երբ իրավապաշտպանները, քաղաքական ակտիվիստներնու լրագրողները ձերբակալվել են, քրեական հետապնդման ենթարկվել կամ բանտարկվել:

2015 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն, աշխարհում 161 վայր կա, որտեղ լրագրող լինելն ավելի լավ է, քան Ադրբեջանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանում անկախ հեռուսակայաններ չկան, որ անկախ 4 լրատվամիջոցներից 2-ը 2015 թվականին փակվել են, իսկ մնացյալը «տնտեսական խեղդամահության» են ենթարկվում:

«Բաքու 2015»-ի ժամանակ օլիմպիական ավանում 7.351 մահճակալ էր տեղադրվել, եւ չնայած շատերը լուռ գալիս եւ գնում էին, գերմանացի մարզիկները հարցազրույց են տվել «Frankfurter Allgemeine» պարբերականին եւ պահանջել ազատ արձակել քաղբանտակյալներին: