Հայաստանի ԱԺ արտահերթ նստաշրջանում վիճաբանություն է ծագել ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՌԴ-ից սպառազինություն ձեռք բերելու նպատակով 200 մլն դոլարի ապրանքային վարկի մասին համաձայնագիրը:

Խոսրով Հարությունյանը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական համագործակցությունը ոչ ոք չի քննարկում որպես կայունությանն սպառնացող: Նրա խոսքով, երբ 2010-ին երկարացվում էր Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, նշելով, որ այդ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ տարածաշրջանում կայունության երաշխիքներ է տալիս:

«Նախկինում, ցավոք, տեսել ենք, թե ինչպես ռուսական քաղաքական էլիտայի առանձին ներկայացուցիչներ առաջնորդվում էին կարծիքով, թե «ուր պիտի փախչեն հայերն առանց մեզ»: Այսօր առավել քան ակնհայտ է, որ նման տրամադրությունն իր տեղը զիջել է ռազմավարական գործընկերության տրամադրությանը: Այդ ոգով էլ կազմվել է հենց այս պայմանագիրը»,-ընդգծել է Հարությունյանը:

Այդ ժամանակ տեղից նրա ելույթն ընդհատել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեղադրելով ՀՀԿ-ական պատգամավորին ապատեղեկատվություն տարածելու մեջ:

Հարությունյանն էլ արձագանքել է. «Ուրեմն` եթե կա մեկը, ով համառորեն փորձում է հանրությանը մոլորեցնել, դա պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ կարող եմ ապացուցել: Շատ հաճախ իմ կարծիքը չի համապատասխանում ձերի հետ, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել այն փաթաթել ձեր վզին: Բարի եղեք լսել ինձ»: