Այն, ինչ կատարվում է գների հետ մեր հանրապետությունում՝ իսկապես, կարելի է անվանել հայկական ֆենոմեն։ Խնդիրը միայն վերջին տասնօրյակի զարգացումները չեն, խնդիրն ընդհանարապես երեւույթի մասին է՝ ինչո՞ւ է հայկական մասնավոր բիզնեսը նման ուժեղ հակվածություն դրսեւորում գների բարձրացման նկատմամբ։ Անշուշտ ամենահեշտ ճանապարհը օլիգոպոլիաներին «քլնգելն է», եւ դա արդարացված է, թեեւ մեր օլիգոպոլիաները նման «քլնգոցների» դեմ ամրապնդված իմունիտետ ունեն։
Սակայն կան նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Հայկական շուկան փոքր է, հետեւաբար՝ խանութների ու ընկերությունների ապրանքային պաշարները նույնպես մեծ չեն։ Երբ աժիոտաժ է սկսվում՝ մեր տնային տնտեսուհիները սկսում են խանութներից սրբել ինչ պատահի։ Սա խորհրդային շրջանից մնացած սովորություն է, երբ ապրանքային դեֆիցիտի դեմ ամենաարդյունավետ պայքարը տանը պարեն կուտակելն էր։ Շուկայի պայմաններում, այս կանոնը պետք է որ չգործի, բայց մեր տնային տնտեսությունները շարունակում են չվստահել ոչ շուկային, ոչ էլ կառավարությանը։ Նրանք սկսում են մեծաքանակ, ոչ անհրաժեշտ գնումներ կատարել, որից, կարճաժամկետ կտրվածքով, մանրածախ ցանցում ստեղծվում է ժամանակավոր դեֆիցիտ։ Այստեղից էլ ի հայտ է գալիս խանութատերերի ցանկությունը՝ բարձրացնել գները նույնիսկ այն պարագայում, եթե մեծածախ մատակարարը գնի փոփոխություն չի կատարել։ Իսկ ամենաարտառոցն այն է, որ տնային տնտեսությունները բնավ չեն վստահում կառավարության կամ կենտրոնական բանկի հայտարարություններին։ Օրինակ՝ կառավարությունը հայտարարում է, որ հանրապետությունում ցորենի եւ ալյուրի դեֆիցիտ չկա, եւ հնարավոր է՝ այս անգամ դա ճշմարտություն է, բայց մարդիկ շարունակում են ալյուր պահուստավորել։ Պետական ինստիտուտներից այնքան հաճախակի են կեղծ ազդակներ ստացվում, որ անգամ ճշմարտությունն ասելիս կառավարությանը չեն վստահում։ Այստեղ տեղին է հիշել Դեմիտրուս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» կատակերգության գլխավոր հերոս Թեոդորոսի խոսքերը. «Կյանքումս մի անգամ ճշմարտությունն ասացի, այն էլ չհավատացին»։ Ահա, մեր կառվարությունը այդ Թեոդորոսի դերում է հայտնվել։
Իր հերթին՝ հայկական բիզնեսը վարակված է մի տարօրինակ հիվանդությամբ՝ աշխատել բարձր գներով եւ փոքր շրջանառություններով։ Սա, կարելի է ասել, մեր բիզնեսի մենթալիտետն է։ Այն օբյեկտիվորեն հետեւանք է շուկայի փոքրության, բայց նաեւ արտահայտում է գործարար մտահորիզոնի սահմանափակվածությունը։ Այս մենթալիտետն այն աստիճան արմատացած է, որ անգամ շուկայում մեծաքանակ խաղորդների առկայության պայմաններում, հեշտությամբ կայացվում են հակամենաշնորհային համաձայնություններ։ Վկա՝ դեղորայքի եւ հացի շուկայում առկա զարգացումները։
Իհարկե, գնային անոմալիաների հիմնական պատճառը համակարգային բնույթ ունի եւ հետեւանք է մրցակցային միջավայրի սահմանափակման։ Մրցակցության ուժեղացումը հանգեցնում է արդարացի գների ձեւավորմանը` նույնիսկ օլիգոպոլիկ դաշտերում, ինչպես տեղի ունեցավ հավի ձվի շուկայում։ Մեր կառավարության հիմնական թերացումն այն է, որ այն ի զորու չէ մրցակցային հավասար պայմաններ ապահովել։ Ընդհակառակը՝ չինովնիկներն այն աստիճան են խրված բիզնեսի մեջ, որ վարչական ապարատն իր ծանրությամբ ճնշում է հենց մրցակցությունը։ Բայց նույնիսկ այս համակարգային ախտի պայմաններում, հարկավոր է գոնե վերացնել ծայրահեղ դրսեւորումները։ Խոսքը Հայաստանի խոշորագույն բազմաճյուղ կոնցեռնի՝ «Ալեքս Գրիգի» գործունեության մասին է, որը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Որ ոլորտ որ այս կոնցեռնը մուտք է գործում՝ այնտեղ ստեղծվում է օլիգոպոլիա, քրեածին իրավիճակ, գնային ծայրահեղ անոմալիաներ։ Այդպես է ալյուրի, շաքարավազի, ձեթի, դեղորայքի, օղու, էթիլային սպիրտի շուկաներում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հենց այս ընկերության դեմ են ամենաշատը վարույթներ հարուցվում, հենց այս ընկերությանն են ամենաշատը տուգանում։ Բայց կոնցեռնն այն աստիճան է հզորացել, որ գործող ընթացակարգերի ու պատիժների համակարգն այլեւս ի զորու չէ զսպել նրան։ Լավագույն պարագայում կառավարությունը հասնում է կարճաժակետ արդյունքների։ Հավանաբար՝ գների կայունացման պայքարը պետք է սկսել այս կոնցեռնի մասնատմամբ, ինչպես դա անում են ԱՄՆ-ում։ Միայն դրանից հետո մի քանի կարեւորագույն ապրանքային շուկաներում գնային անոմալիաները կմեղմվեն, այլապես պատգամավորը պարզապես վտանգում է հանրապետության պարենային անվտանգությունը։
Սամվել Ավագյան



























