ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափերով 896 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը վստահվել է հատուկ ծառայություն իրականացնող անձին, ով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիշյալ գույքը յուրացրել է:

Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: