Արցախի իշխանությունները հաստատել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի այցը հանրապետություն:
«Գերման Ստերլիգովը ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնում որպես զբոսաշրջիկ է գրանցվել»,- NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, գործարար, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում՝ «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ իր հայտնի Սլոբոդայում վաճառել է ամբողջ գույքն ու Ռուսաստանից փոխադրվել Լեռնային Ղարաբաղ:
Նրա օգնական Պոլինա Սիրոտան հաստատել է, որ ֆերմերը հուլիսի 4-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղ: «Նա մեկնել է Արցախ, երբ կվերադառնա՝ հայտնի չէ: Նրան մեկնել ստիպել են լուրջ հանգամանքները: Դրանք բանդիտներ չեն, ո՛չ: Դա ավելի բարձր մակարդակ է»,- ասել է նա:





























