ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարեւորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների եւ կոնֆլիկտների կանխարգելման կրթության տարածումը: Հյուրերը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում եւս  հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը եւ հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Շեշտելով, որ առաջարկն ընդունելի է՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը բաց է միջազգային համագործակցության համար, իսկ Գանդիի ինստիտուտի եւ հիմնադրամի հետ կապերի հաստատումը կարող է լավագույնս խթանել կոնֆլիկտաբանություն մասնագիտության որակական առաջընթացը: Ա. Աշոտյանը նաեւ նշել է, որ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը լավագույն միջոցներից է՝ ծանոթանալու հնդկական պատմական եւ մշակութային ժառանգությանը:

Նախարարը նշել է, որ հայ-հնդկական կրթական համագործակցության  փորձն առկա է, մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում հնդիկները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծման հնարավորությունները: