Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակից, հացադուլ հայտարարած չորս 19-ամյա երիտասարդներն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց հացադուլավորներից Ռոման Գալստյանը:

«Ես էլ, տղաներն էլ, մեզ վատ էինք զգում, այդ պատճառով դադարեցրինք հացադուլը: Տղաներից Աշոտն էլ տաքություն, սրտխառնոց ուներ, վատ էր զգում: Երեկ երեկոյան դադարեցրին, գնացինք տուն»,- ասաց Ռոման Գալստյանը՝ նշելով, որ իրենք երեկոյան կլինեն Ազատության հրապարակում՝ մասնակցելու հավաքին:

Ռոման Գալստյանը տեղեկացրեց, որ հացադուլ հայտարարելուց հետո ոստիկաններ են այցելել իրենց տներ, ճշտել իրենց անուն ազգանունները, գրանցման վայրերը:

Հիշեցնենք, որ երիտասարդները հացադուլ էին հայտարարել երկու օր առաջ: Նրանք այդ կերպ միացել էին արդեն մի քանի օր հացադուլ անցկացնող Դավիթ Սանասարյանին:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանն իր հացադուլով կոչ է անում ժողովրդին գնալ Ազատության հրապարակ եւ շարունակել պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:

Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես իրազեկված չի: