Հունիսի 25-27-ը Մինսկում Ֆինանսական ներգրավվածության միության հովանու ներքո կայացել է «Ֆինանսական ներգրավվածություն՝ կարգավորում եւ զարգացում» տարածաշրջանային համաժողով ԱՊՀ եւ Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի համար:

Համաժողովին մասնակցել են նաեւ Ասիայի, Աֆրիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական բանկերի ներկայացուցչներ` ներկայացնելով ֆինանսական ներգրավվածության ոլորտում իրենց երկրների փորձը:              

Հայաստանի Հանրապետությունը համաժողովին ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի գլխավորությամբ:

Պատվիրակության անդամ, ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, ով ղեկավարում է նաեւ Ֆինանսական ներգրավվածության միության սպառողների շահերի պաշտպանության եւ շուկայական վարվելակերպի աշխատանքային խումբը, համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում բնակչության ֆինանսական ունակությունների վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները, բնակչության ֆինանսական կրթման բարելավման կողմնորոշիչները, ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության փորձը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում մշակվում է ֆինանսական ներգրավվածության ռազմավարություն:

Հայաստանը ֆինանսական կրթության, սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական հաշտարարի ինստիտուտի առումներով համարվում է տարածաշրջանում առաջատար երկիր: Ֆինանսական կրթման, սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության ուսումնասիրության նպատակով վերջին երեք տարիների ընթացքում արտասահմանյան բազմաթիվ պատվիրակություններ աշխատանքային այցեր են կատարել Հայաստան: